Վրաստանի հաջորդ վարչապետի թեկնածու «Վրացական երազանքն» առաջադրում է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին` հինգշաբթի երեկոյան կուսակցության ղեկավար մարմնի մեկ ժամ տևած նիստից հետո:
36-ամյա Բախտաձեն մի քանի տարի շարունակ ղեկավարում էր «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, 2017-ի նոյեմբերին նշանակվել էր ֆինանսների նախարար: «Ինձ համար այս պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ է: Իմ գործունեության ընթացքում հիմնական առաջնահերությունները լինելու են վրաց ժողովրդի աշխարհաքաղաքական ընտրության` Եվրատլանտյան ինտեգրման գործընթացի հետագա ծավալումը, նորարարական, համապարփակ բարեփոխումների անցկացումը»,- ասել է Բախտաձեն: Խորհրդարանում հաստատվելու դեպքում Բախտաձեն կդառնա երրորդ վարչապետը Բիձինա Իվանիշվիլու` 2013-ի հրաժարականից հետո: Վրաստանի քաղաքական շրջանակներում վստահ են, որ Իվանիշվիլին խուսափում է պատասխանատվությունից` գերադասելով վարչապետ նշանակել իրենից լիակատար կախվածության մեջ գտնվող ենթականերից մեկին: «Մենք պետք է վերջ տանք քաղաքական դիմակահանդեսի այս ժամանակաշրջանին, երբ վարչապետներ են ընտրվում, սակայն ոչ Վրաստանի հանրությունը, ոչ էլ մեր գործընկերները արտերկրում չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ մարդիկ: Եթե մենք խոսում ենք եվրոպական ուղու ընտրության և եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կերտման մասին, պետք է հասկանանք, որ վարչապետ լինում է իշխող կուսակցության ղեկավարը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության, պետության և հանրության համար հասկանալի կառավարման համակարգի ձևավորման մասին, Բիձինա Իվանիշվիլին պետք է դառնա վարչապետ»,- արձագանքելով կառավարության հերթական փոփոխությանը՝ հայտարարել է Վրաստանի նախագահը: